Ուկրաինայի հեղինակն ու ճարտարապետը Վլադիմիր Իլյիչ Լենինն է. Վլադիմիր Պուտին (ուղիղ)
Ներկայիս Ուկրաինան կարելի է լիարժեք կոչել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա». նա է դրա հեղինակն ու ճարտարապետը…»: Այսմ մասին ռուսաստանցիներին ուղղված իր ուղիղ եթերի ժամանակ նշաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին:
Նա նշեց, որ Դոնբասում իրավիճակը ստացել է կրիտիկական, սուր բնույթ: "Ուկրաինան Ռուսաստանի համար պարզապես հարևան երկիր չէ, այլ պատմության մի մասնիկ",- շեշտեց ՌԴ առաջնորդը:
Պուտինը հիշեցրել է, որ ժամանակակից Ուկրաինան ստեղծել է Ռուսաստանը:
"Ավելի ճիշտ՝ բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանը։ Այս գործընթացը սկսվեց 1917 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո։ Լենինը և նրա համախոհները դա արեցին շատ կոպիտ կերպով հենց Ռուսաստանի նկատմամբ։ Ոչ ոք բնակիչներին ոչինչ չհարցրեց։ Բոլշևիկները Դոնբասը բառացիորեն մտցրին Ուկրաինայի մեջ",- շեշտեց Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ ԽՍՀՄ–ը ստեղծելիս բոլշևիկները բավարարում էին ազգայնականների ցանկացած «ցանկություն»՝ ամեն գնով իշխանության գալու համար։
"Սեփական պատմական տարածքների մի մասի առանձնացմամբ, դրանից հրաժարվելով։ Սա պատմական փաստ է։ Բոլշևիկյան քաղաքականության արդյունքում առաջացավ Խորհրդային Ուկրաինան։ Որն այսօր էլ իրավամբ կարելի է անվանել Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա, նա է դրա հեղինակն ու ճարտարապետը",- հայտարարեց ՌԴ առաջնորդը։
Պուտինն ասել է, որ տարբեր տարիների բոլշևիկների սխալները հանգեցրել են ԽՍՀՄ-ի փլուզմանը, պատմական Ռուսաստանի փլուզումը նրանց խղճի վրա է։
Ռուսաստանի նախագահը նշեց, որ չնայած Ռուսաստանի հանդեպ կատարված պատմական անարդարություններին, խաբեությանն ու թալանին, Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո ճանաչել ու օգնել է ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, ասաց, որ Ռուսաստանն ամբողջությամբ մարել է Ուկրաինայի պարտքերը, սակայն Կիևը հրաժարվել է կատարել գույքի վերադարձի վերաբերյալ պայմանավորվածությունները։