Ուկրաինան մտադիր է անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագրեր կնքել ՆԱՏՕ-ի ևս յոթ երկրի հետ
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փոխքարտուղար Դավիթ Ալոյանը հայտարարել է, որ Կիևը հույս ունի մինչև տարեվերջ «անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագրեր» կնքել ՆԱՏՕ-ի յոթ երկրի հետ:
Այսպիսով, Կիևը փորձագիտական գիտելիքներ է առաջարկում ռադիոտեղորոշիչ համակարգերի և ցամաքային կայանների մշակման գործում՝ գնորդից անցնելով անվտանգության ծառայություններ մատուցողի՝ գրում է The Guardian-ը:
Կիևը վերջին ամիսներին «դրոնների մասին համաձայնագրեր» է կնքել վեց երկրի՝ Ադրբեջանի, Լատվիայի և Լիտվայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երեք երկրի՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի հետ։ Վերջին երեքն այն պետություններ են, որոնք ցանկացան Ուկրաինայի աջակցությունը ստանալ գարնանը, երբ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի ժամանակ դարձել էին իրանական հեռահար Շահեդ անօդաչու սարքերի թիրախը։ Դա նույն զենքն է, որը վերջին չորս տարիների ընթացքում հարվածներ է հասցրել ուկրաինական քաղաքներին։
«Այս նախաձեռնությունը կոչվում է անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիր, բայց իրականում այն ընդգրկում է շատ ավելին, քան պարզապես դրոնները: Ավելի կարևոր է փորձը և գիտելիքները, ինչպես նաև հասանելիությունն Ուկրաինայում այս համակարգը կազմող բոլոր բաղադրիչներին»,- նշել է Ալոյանը The Guardian-ի հետ հարցազրույցում:
Drone Deal-ը («Դրոնային համաձայնագիր») միջազգային ծրագիր է և Ուկրաինայի ու առանցքային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ձևաչափ: Այն ուղղված է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությանը, մշակմանն ու արտահանմանը, ինչպես նաև այդ ոլորտում առաջավոր մարտական փորձի փոխանակմանը:



