ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Ուկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին

Ուկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին

Օգոստոսի 21-ի առավոտյան Պերմի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Տարածաշրջանում «անօդաչու թռչող սարքերի տագնապը» տևել է ավելի քան երկու ժամ, Ռոսավիացիան սահմանափակել է «Բոլշոյե Սավինո» օդանավակայանում ինքնաթիռների վայրէջքներն ու թռիչքները։ Պերմի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունի մասին:

Հարձակման է ենթարկվել «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի 10 խոշորագույններից է: 2024 թվականին «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ»-ը վերամշակել է 12,6 միլիոն տոննա նավթ, այդ թվում՝ 2 միլիոն տոննա բենզին և 5,3 միլիոն տոննա դիզելային վառելիք։ Գործարանը նախկինում արդեն մի քանի անգամ ենթարկվել է ԱԹՍ-ներով հարձակման, ինչի հետևանքով դադարեցվել է վառելիքի արտադրությունը։

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածներն ակտիվացրել են 2026 թվականին։ S&P Global-ի վերլուծության համաձայն՝ հարձակումները խափանել են առնվազն 26 նավթավերամշակման գործարանների աշխատանքը, դրանցից 7-ը դեռևս չեն վերականգնել արտադրությունը։ Գործարանների վրա կանոնավոր հարվածների հետևանքով Ռուսաստանում նավթավերամշակումը, ըստ EA Analytics-ի, նվազել է մինչև 2002 թվականի մայիսից հետո գրանցված ամենացածր մակարդակի՝ օրական 3.6 միլիոն բարել։ Դա հանգեցրել է վառելիքի ճգնաժամի։

«Կոմերսանտ»-ի աղբյուրներն էլ նշում են, որ ճգնաժամը կարող է սրվել սեպտեմբերի սկզբին, քանի որ Բելառուսում Ռուսաստանին մատակարարող երկու նավթավերամշակման գործարաններից մեկը աշխատանքը կդադարեցնի վերանորոգման համար։ Պլանային վերանորոգումներ են նախատեսվում նաև ռուսական մի քանի խոշոր գործարաններում։

  • Կիսվել: