Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կերչի նավթաբազային և ՋԷԿ-ին, «Կովկաս» նավահանգստին ու Ղրիմի արևելքում գտնվող խոշոր ենթակայանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հունիսի 23-ի գիշերը գրոհել են բռնակցված Ղրիմում գտնվող մի շարք օբյեկտները։ Ուկրաինական Supernova մոնիտորինգային ռեսուրսի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել Սովետսկի շրջանի «Նասոսնայա-2» խոշոր էլեկտրական ենթակայանը։ Ըստ NASA FIRMS-ի արբանյակային լուսանկարների՝ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ «Կրիմսկի վետեր» տելեգրամյան ալիքի բաժանորդները հայտնել են գիշերը ժամը երկուսի սահմաններում Սովետսկի շրջանում որոտացած «հզոր պայթյունի» մասին։ Ալիքը գրում է նաև Նիկոլաևկա գյուղից հյուսիս գտնվող և պոմպակայանը սնուցող «ՆՍ-2» 220/35 կՎ ենթակայանի տարածքում բռնկված հրդեհի մասին։ Հարվածի հետևանքով Եվպատորիայում, Կրասնոպերեկոպսկի, Սակիի, Ջանկոյի և Կրասնոգվարդեյսկի շրջաններում առավոտվանից էլեկտրաէներգիայի անջատումներ են նկատվում։
Բացի այդ, «Կրիմսկի վետեր»-ի տվյալներով, մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարվածների են ենթարկվել Կերչի ծովային նավահանգստի նավթաբազան, որը դեռ չէին հասցրել հանգցնել հունիսի 21-ի հարձակումից հետո, և Կուբանի «Կավկազ» նավահանգստի նավթային տերմինալը: Այնտեղ հրդեհներ են բռնկվել։ Հարվածի տակ է հայտնվել նաև նավթամթերքի փոխաբեռնման և պահպանման «ՏԷՍ-Տերմինալ» համալիրը, որը Կերչում նավթամթերքի ու հեղուկացված գազի պահպանման և փոխաբեռնման համար նախատեսված խոշոր նավահանգստային լոգիստիկ համալիր է։ Խոշոր հրդեհ է բռնկվել նաև Կերչի Արշինցևո թաղամասի ջերմաէլեկտրակենտրոնում (ՋԷԿ)։ «Կրիմսկի վետեր»-ի հաղորդմամբ՝ արկը դիպել է մազութի պահեստարանին։ Այրվող տարողությունից բարձրացող ծխի շլեյֆը ձգվել է գրեթե 50 կիլոմետր։
Հրդեհներ են գրանցվում նաև Կերչի մուտքի մոտ և քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Բագերովո ավանի մոտակայքում, որտեղ տեղակայված են ռուսական Ս-300/Ս-400 ՀՕՊ համալիրների դիրքերը։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել Կերչի «Յուժնայա» երկաթուղային կայարանում։ Առավոտյան ժամը յոթի սահմաններում Կերչի կամրջով երթևեկությունը փակվել է։ «Կրիմսկի վետեր»-ը պնդում է, որ հարվածների հետևանքով կրակ է բռնկվել նաև Արաբատ ամրոցում, որտեղ տեղակայված են ռուսական ստորաբաժանումները։ Իսկ Սիմֆերոպոլում հրդեհվել են «Դոբրոցեն» առևտրային ցանցի պահեստների հարևանությամբ գտնվող խանութներն ու արհեստանոցները։


