Թուրքիայում ուժի մեջ են թողել Հայոց ցեղասպանությունը ճանաչած իրավապաշտպանի ցմահ ազատազրկման վճիռը
Ստամբուլի քրեական դատարանը հաստատել է թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ակտիվիստ Օսման Քավալայի նկատմամբ ապրիլի 25-ին հայտարարված ցմահ ազատազրկման վճիռը և մերժել բողոքարկումը, ՏԱՍՍ-ին հղումով։
«Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը քննել է ամբաստանյալի փաստաբանների ներկայացրած բողոքը։ Դատարանն ուժի մեջ է թողել որոշումը և մերժել վճռի դեմ բողոքը։ Որոշումն ընդունվել է միաձայն»,- ասված է հաղորդագրությունում։
Թուրքիայի իշխանությունները Քավալային մեղադրել են 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում ցույցերին մասնակցելու, ինչպես նաև 2016 թվականին հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
2022 թվականի փետրվարին իրավապաշտպանն արդարացվել էր «ստամբուլյան գործով», բայց միևնույն ժամանակ նա այդ ժամանակ ձերբակալվել էր՝ հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով։
Փորձագետների մեծամասնությունն ակնկալում էր, որ Քավալային կարդարացնեն նաև երկրորդ գործով, սակայն դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։
ԱՄՆ-ն, մի շարք այլ երկրներ, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել էին թուրքական դատարանի վճիռը Քավալայի վերաբերյալ և կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպանին։