Թուրքիայում միջազգային խարդախների ցանց են բացահայտել․ ձերբակալվածների թվում Իսրայելի և Ադրբեջանի քաղաքացիներ կան
Թուրքիայում խարդախության միջազգային ցանցի գործով հետաքննության շրջանակներում 201 մարդ է ձերբակալվել. նախաքննությունն այս ցանցը կապում է Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է Soczu պարբերականը։
Ընդհանուր առմամբ գործով անցնում է 248 մարդ։ Ձերբակալվածների թվում 20 օտարերկրյա պետությունների 45 քաղաքացի կա, այդ թվում՝ Իսրայելի ինը քաղաքացի։ Թուրքիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ ցանցի գործունեության հետևանքով հասցված ենթադրյալ վնասը գերազանցել է 3 միլիարդ դոլարը։
Հետաքննությունը համակարգել է Ստամբուլի դատախազությունը՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ստամբուլյան ստորաբաժանման և ոստիկանության հետ համատեղ։ Ըստ քննության վարկածի՝ 2026 թվականին չորս առանձին հետաքննությունների արդյունքում բացահայտվել են ընկերություններ, որոնք Թուրքիայում գործել են զանգերի կենտրոնների (քոլ-կենտրոնների) քողի տակ և համացանցում գովազդել ֆորեքսի ու կրիպտոարժույթների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորություններ։
Պոտենցիալ հաճախորդներին խոստացել են բարձր եկամտաբերություն։ Այն բանից հետո, երբ օգտատերերը տրամադրել են իրենց անձնական տվյալները, նրանց հետ կապ են հաստատել աշխատակիցներ, որոնք բաշխված են եղել ըստ հավանական զոհերի քաղաքացիության և լեզվի։
Քննությունը պնդում է, որ խարդախ սխեմայի մասնակիցներն օգտագործել են Inefex, Quantum AI, Algo Education և Exentral-Int հարթակների անվանումները։ Սկզբում զոհերին համոզել են որպես «գրանցման վճար» մուծել ոչ մեծ գումար, իսկ հետո ավելի փորձառու աշխատակիցներն առաջարկել են շատ ավելի մեծ գումարներ փոխանցել արտասահմանյան բանկային հաշիվներին կամ կրիպտոարժութային դրամապանակներին։
Հաճախորդներին ներդրումները շարունակելուն համոզելու նպատակով, կեղծ ներդրումային հաշիվներում իբր շահույթ է ցուցադրվել։ Երբ զոհը փորձել է կանխիկացնել միջոցները, նրան ծանուցել են հաշվի արգելափակման մասին և լրացուցիչ վճարումներ պահանջել՝ իբր արգելափակումը հանելու կամ հարկերը վճարելու համար։ Դրանից հետո գումարները չեն վերադարձվել, իսկ հաճախորդների հետ կապը խզվել է։
Դատախազության տվյալներով՝ կազմակերպությունն օգտագործել է կեղծ զանգերի կենտրոններ տարբեր երկրներում և աշխատել է հերթափոխով՝ հաշվի առնելով թիրախային պետությունների ժամային գոտիները։
Քննությունը բացահայտել է նաև աշխատակիցների համար սահմանված աշխատանքային արտասովոր կանոններ։ Նախաքննության նյութերի համաձայն՝ մի քանի լեզվի տիրապետող աշխատողներին վարձել են որպես այսպես կոչված «conversion agents» և «retention agents»։ Նրանք անցել են մեկշաբաթյա ուսուցում, ստացել ծածկանուններ և պարտավոր են եղել հորինել կեղծ կենսագրություններ, որպեսզի վստահություն ներշնչեն պոտենցիալ զոհերին։ Նշվում է, որ աշխատանքի ընդունվելուց առաջ աշխատակիցներին ստուգել են պոլիգրաֆով (ստի դետեկտորով)։ Նրանց նաև արգելված է եղել հեռախոսներ բերել զանգերի կենտրոններ և գրասենյակների ներսում խոսել եբրայերեն։
Ձերբակալված 201 անձանցից 45-ը այլ պետությունների քաղաքացիներ են։ Բացի Իսրայելի ինը քաղաքացիներից, ձերբակալվածների թվում կա Պակիստանի 11 քաղաքացի, երկուական քաղաքացի՝ Ադրբեջանից, Սիրիայից, Հորդանանից, Ուկրաինայից, Թաիլանդից, Ինդոնեզիայից և Մարոկկոյից։ Մեկական անձ էլ ձերբակալվել է Ղազախստանից, Ֆիլիպիններից, Իրանից, Չինաստանից, Լիբանանից, Պաղեստինից, Մեքսիկայից, Եգիպտոսից, Մոզամբիկից, Արգենտինայից և Բանգլադեշից։
Թուրքական իշխանությունների հաղորդագրություններում հրապարակվել են Իսրայելի ինը ձերբակալված քաղաքացիների անունները՝ Անտոն Բիխուն, Սենի Քեեն, Համսա Գյունեյլի, Իլքեր Հասոն, Կարոլին Հասոն, Սամի Տովիմ, Յակո Բենհաբիբ, Ջաք Լևի և Ամիդ Իգալ։ Ներկա պահին նրանց դատավարական կարգավիճակը կասկածյալ է. նախաքննությունը շարունակվում է։
Միաժամանակ, Ստամբուլում և Մուղլա նահանգում խուզարկություններ են անցկացվել 29 ընկերության և ենթադրյալ 44 զանգերի կենտրոնի հետ կապված 286 հասցեներում։ Ըստ թուրքական իրավապահների՝ արգելանք է դրվել կամ սառեցվել են այն ակտիվները, բանկային հաշիվներն ու կրիպտոարժութային միջոցները, որոնք կարող են առնչություն ունենալ հանցավոր գործունեության հետ։ Հետախուզման մեջ գտնվող կասկածյալների որոնումները շարունակվում են։


