հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայում հանցանք կատարած երեխաների թիվը տարեցտարի աճում է

Թուրքիայում հանցանք կատարած երեխաների թիվը տարեցտարի աճում է

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից զեկույց է հրապարակվել երկրում հանցանք կատարած երեխաների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես զեկույցում, որտեղ հղում է արվում Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալներին, նշվում է, որ 2022-ին երեխաների հետ առընչվող դեպքերի թիվը 2021-ի համեմատ աճել է 20.5 տոկոսով՝ հասնելով 601.754-ի:

Իսկ հանցանք կատարած երեխաների թիվը 2010-ի համեմատ կրկնապատկվել է ավելի քան երկու անգամ՝ նախկին շուրջ 100 հազարի փոխարեն՝ կազմելով 207 հազար:

Ընդհանուր առմամբ 12 տարվա ընթացքում (2010-2022) հանցանք կատարած երեխաների թիվն աճել է շուրջ 148 տոկոսով:

2022-ին թվով 27.000 և ավելի երեխա, որոնք բերման էին ենթարկվել տարբեր ոստիկանական բաժանմունքներ, մեղադրվել են թմրամիջոցների օգտագործման և կամ դրանց վաճառքի մեջ: 2021-ի համեմատ նրանց թիվն աճել է շուրջ 10 հազարով:

Նշենք, որ 2023-ի հուլիսի 3-ից ի վեր բերման է ենթարկվել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող ընդհանուր առմամբ 1559 երեխա (1496-ը տղա), որոնցից այժմ դատապարտված է 1013-ը (957-ը տղա):

 

  • Կիսվել: