Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Թուրքական Անթալիայի Կաս շրջանում հուլիսի 28-ին բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Ուզումլու թաղամասի անտառածածկ տարածքում՝ դեռևս չպարզված հանգամանքներում։
Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ Անտառային գլխավոր վարչությունը հայտնել է, որ հրդեհի ինտենսիվությունը նվազել է, այն ամբողջությամբ մարելու աշխատանքները շարունակվում են ինչպես օդից, այնպես էլ ցամաքից։ Գիշերն օդից աջակցությունը դադարեցվել է, իսկ ցամաքային խմբերը շարունակել են մարել հրդեհը։
Առավոտյան ուղղաթիռներն ու ինքնաթիռները վերսկսել են օդային աջակցությունը ցամաքային գործողությունները։ Բացի այդ, հաղորդվում է, որ Մուղլա նահանգի Սեյդիքեմեր շրջանի Բայիր թաղամասի գյուղատնտեսական տարածքում առավոտյան ժամերին բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է դեպի անտառային տարածք։
Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է։ Նշվում է, որ Ֆեթհիյե-Անթալիա մայրուղին փակ է երթևեկության համար հրդեհի և տարածքում առաջացած խիտ ծխի պատճառով։
Ուժեղ քամին դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, որոշ տներ տուժել են կրակից, 3 դատարկ տուն այրվել է։ Մուղլայի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ որպես նախազգուշական միջոց՝ 43 տնային տնտեսություններից տարհանվել է 65 մարդ, ինչպես նաև հրդեհի գոտուց շուրջ 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սեյդիքեմերի պետական հիվանդանոցի վերակենդանացման և պալիատիվ խնամքի բաժանմունքները։



