հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայից ՌԴ արտահանումն առաջին եռամսյակում վճարումների խնդիրների պատճառով նվազել է 32 տոկոսով. ԶԼՄ

Թուրքիայից ՌԴ արտահանումն առաջին եռամսյակում վճարումների խնդիրների պատճառով նվազել է 32 տոկոսով. ԶԼՄ

Արեւմուտքի պատժամիջոցների եւ դրամական փոխանցումների խնդիրների պատճառով Թուրքիայից ՌԴ արտահանումն առաջին եռամսյակում նվազել է 32,1 տոկոսով՝ 2023թ. համեմատ։ Այս մասին տեղեկացրել է Ekonomim թուրքական թերթը՝ հղում կատարելով վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներին։

Հունվար-մարտին 25 թուրքական ճյուղերից միայն 4-ն է ավելացրել արտահանումը Ռուսաստան, կորուստները քիմիական արդյունաբերությունում, որին բաժին է ընկնում  մատակարարումների զգալի մասը, հասել են 32,4 տոկոսի։ Հիմնական անկումն արտահանման ոլորտում, Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալներով, նկատվում է երեք հատվածներում՝ ծխախոտի արդյունաբերություն, կաշվե եւ ոսկերչական իրերի արտադրություն, նշել է թերթը։

 

Միայն մարտին Թուրքիայից ՌԴ արտահանումը նվազել է 28 տոկոսով նախորդ տարվա համեմատ՝ 758 մլն դոլար։ Առաջին եռամսյակի արդյունքներով  արտահանումը Ռուսաստան կազմել է 2,1 մլրդ դոլար 2023թ. հունվար-մարտի 3,1 մլրդ-ի դիմաց։

Ռուսաստանից բացի, գրում է թերթը, նշվել է արտահանման նվազում ԱՊՀ երկրներ։ Անկումն առաջին եռամսյակում կազմել է 14 տոկոս։

Փետրվարին ԱՄՆ-ն պատժացուցակում ընդգրկեց 16 թուրքական ընկերություն։ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ընդլայնեց թուրքական ընկերությունների սահմանափակումները, որոնք աշխատում են արտաքին առեւտրի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների մատակարարման, տուրիզմի ոլորտներում։ Բացի այդ, պահպանվում են խնդիրները ՌԴ-ից Թուրքիա առեւտրային դրամական փոխանցումների հետ կապված։

  • Կիսվել: