Ֆիդանն Արաղչիին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է․ Reuters
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այս երեքշաբթի իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արաղչին Ֆիդանին տեղեկացրել է, որ Թեհրանը հրթիռների հետ կապված մանրակրկիտ հետաքննություն է անցկացրել։
Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ Ֆիդանը վերահաստատել է Թուրքիայի պահանջը բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել քաղաքացիական բնակչությանը։ Նա նաև ասել է Արաղչիին, որ Անկարան միջոցներ կձեռնարկի իր ուղղությամբ նշանառված հրթիռների դեմ։


