Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Անթալիայի համաժողովում
Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան եռօրյա համաժողովի շրջանակում, որը մեկնարկում է այսօր Անթալիայում։ Այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը։
Կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն պատերազմն Իրանում, ինչպես նաեւ Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը: Հանդիպման ճշգրիտ ժամանակը դեռ հայտարարված չէ։
Համաժողովին կմասնակցի նաեւ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Համաժողովի շրջանակում նա նախատեսում է բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Իսլամաբադը կողմ է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը։
Թուրքիան, մնալով Իսրայելի ամենակոշտ քննադատներից մեկը, միաժամանակ դիվանագիտական ջանքեր է գործադրում Եգիպտոսի եւ Պակիստանի հետ համատեղ՝ Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի հասնելու նպատակով։


