երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. աղբյուր

Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. աղբյուր

Թուրքիան վերսկսել է դեպի Սև ծով նավերի անցումն իր նեղուցներով։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Aegean Dream նավթատարը Դարդանելի նեղուց է մտել օգոստոսի 9-ին՝ օգոստոսի 6-ից այդ տարածքում սպասելուց հետո։

Նավի նպատակակետը Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն էր Ռուսաստանի Նովոռոսիյսկում։

Օգոստոսի 9-ի առավոտյան նեղուցով Նովոռոսիյսկ է մեկնել նաև Mehmet Kahveci A բեռնարկղային նավը։

Նշենք, որ նախորդ օրը նույն գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան սահմանափակել է առևտրային նավերի տեղաշարժը՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումների աճի պատճառով։

Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր վարչությունը Նովոռոսիյսկ մեկնող մի քանի նավի տեղեկացրել է, որ նման չվերթերի համար տարանցիկ թույլտվություններ չի տրամադրում, ինչպես նաև, լրացուցիչ ժամանակ է հարկավոր Դարդանելի անցման հայտերը վերանայելու համար:

Աղբյուրի խոսքով՝ սահմանափակումը տարածվել է նաև Ուկրաինա ուղևորվող նավերի վրա: Անկարան չի բացատրել այդ որոշման պատճառը և հրապարակայնորեն չի մեկնաբանել իրավիճակը։ Ձգձգումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը սկսել է ավելի ակտիվ ուշադրություն դարձնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումներին:

  • Կիսվել: