Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին. Շարիֆ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը մասնակցել է «Սիրաթ-ի Նաբի» համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային։ Նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ խոր արմատներ ունեցող և ռազմավարական եղբայրական հարաբերությունների վրա ու նշել, որ այդ երկրներն անփոխարինելի դաշնակիցներ են, գրում է ermenihaber.am-ը:
Ընդգծելով երկու երկրների կողմից ցուցաբերված աջակցությունը՝ Շարիֆը նշել է.
«Թուրքիան և Սաուդյան Արաբիան մեր ամենամտերիմ գործընկերներն են, որոնք միշտ ամուր կանգնած են եղել Պակիստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում: Կարող եմ հստակ ասել, որ թուրք ժողովուրդը, թուրքական կառավարությունը և իմ շատ սիրելի եղբայր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի եղբայրական ժողովուրդը, Սաուդյան կառավարությունը և իմ շատ թանկագին եղբայր՝ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, կանգնած են ինչպես պողպատե պատ Պակիստանի կողքին»:



