Թրամփը շտապ հանդիպում է անցկացնում Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի առնչությամբ. աղբյուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին հանդիպում է անցկացնում իր գլխավոր խորհրդականների հետ՝ քննարկելու Իրանի կողմից Հորմուզի նեղուցը նորից փակելու հարցը: Այս մասին տեղեկացնում է իսրայելական 12-րդ ալիքը։
Ըստ ալիքի՝ վերջին օրերին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի եւ իրանցի պաշտոնյաների հետ։
Իր հերթին CNN-ը հաղորդել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել են Սպիտակ տանը։
Հեռուստաալիքը նկարահանել է, թե ինչպես է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը ժամանել Սպիտակ տուն ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆի ուղեկցությամբ։
Ավելի վաղ նույն օրը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունը նկատվել է Սպիտակ տան համալիր մտնելիս, իսկ գեներալ Դեն Քեյնին տեսել են Արեւմտյան թեւից դուրս գալիս։
CNN-ը հարցում է ուղարկել Սպիտակ տուն այն մասին, թե արդյոք այսօր պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել։
Ակտիվության աճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ վարչակազմը կշռադատում է հաջորդ քայլերը՝ մոտալուտ հրադադարի ժամկետից առաջ, մինչդեռ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, իսկ հակամարտության վերսկսման հնարավորությունը մնում է օրակարգում։
Ավելի վաղ Իրանը վերականգնել էր կարեւորագույն ջրային ուղու սահմանափակումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի դադարեցնի Իրանի հետ կապված նավագնացության շրջափակումը։


