Թրամփը պահանջում է կոնգրեսական Ադամ Շիֆին պատասխանատվության ենթարկել խարդախության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր վաղեմի քննադատ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին մեղադրել է հիփոթեքային խարդախության մեջ։
«Ես միշտ կասկածում էի, որ ճարպիկ Ադամ Շիֆը խարդախ է։ Եվ հիմա իմացա, որ Fannie Mae-ի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը եզրակացրել է, որ Ադամ Շիֆը ներգրավված է եղել հիփոթեքային խարդախության մեջ։ Ադամ Շիֆն ասել է, որ իր հիմնական բնակության վայրը Մերիլենդն է՝ ավելի էժան հիփոթեք ստանալու և Ամերիկան թալանելու համար, մինչդեռ նա պետք է ապրեր Կալիֆոռնիայում, քանի որ նա Կալիֆոռնիայից կոնգրեսական է», - գրել է նա Truth Social-ում։
ԱՄՆ նախագահի բնորոշմամբ՝ Ադամ Շիֆի «խարդախությունը» սկսվել է «նրա Մերիլենդ նահանգի անշարժ գույքի վերաֆինանսավորմամբ 2009 թվականի փետրվարի 6-ին և շարունակվել է բազմաթիվ գործարքների միջոցով, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Մերիլենդ նահանգի անշարժ գույքը ճիշտ կերպով նշվել է որպես երկրորդ տուն»։
«Հիփոթեքային խարդախությունը շատ լուրջ խնդիր է, և խարդախ Ադամ Շիֆը (այժմ սենատոր) պետք է պատասխանատվության ենթարկվի», - հավելել է նա։


