ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ներքին գործերի նախարարին հանձնարարել է թարմացնել դաշնային քարտեզներն ու տվյալների բազաները՝ Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու նպատակով, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ այդ քայլը դարձել է Վաշինգտոնի և Օտտավայի միջև խորացող առևտրային պատերազմի ու հարաբերությունների լարվածության հերթական դրսևորումը:

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող Օնտարիո լիճն ավանդաբար կրում է իր պատմական անունը: Ամերիկյան կողմի որոշումը չի տարածվում Կանադայի տարածքի վրա. փոփոխությունը վերաբերում է բացառապես ԱՄՆ դաշնային գերատեսչությունների կողմից նոր անվանման կիրառմանը:

Հաղորդվում է նաև, որ երկկողմ հարաբերություններում սրացումը կտրուկ խորացել է առևտրային վերջին բանակցությունների տապալումից հետո, երբ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հետագա պայմանների շուրջ, իսկ բուն առևտրային հակամարտության սկիզբը դրվել է դեռևս 2025 թվականին՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց անմիջապես հետո: Վաշինգտոնն առաջինն է 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել կանադական ներմուծման զգալի մասի վրա, ինչին հետևել են արդեն նաև Օտտավայի պատասխան քայլերը: Հետագայում սակագնային սահմանափակումներն ավելի են ընդլայնվել՝ ընդգրկելով պողպատի, ալյումինի և ավտոմեքենաշինության ոլորտները: