Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է մինչև տարեվերջ կրկին հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ակնկալում է մինչև տարեվերջ կրկին հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցին՝ նա հաստատել է հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը, հայտնում է CBS News-ը։
Թրամփի հայտարարությունը հնչել է The Wall Street Journal-ի այն հրապարակումից հետո, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը հույս ունի Կիմի հետ հանդիպում կազմակերպել մոտ ապագայում, հնարավոր է՝ նոյեմբերին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք ԱԽՏԽ (APEC) գագաթնաժողովի շրջանակում։
Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի հաստատել հանդիպման ծրագրերը․ Փհենյանը նույնպես համապատասխան հայտարարություններ չի արել։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է կապ հաստատել հյուսիսկորեական ղեկավարության հետ և ակնկալում է վերսկսել ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
Թրամփն ու Կիմը երեք անգամ հանդիպել են ամերիկացի առաջնորդի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, սակայն ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները գրեթե արդյունք չեն տվել, ինչից հետո Հյուսիսային Կորեան շարունակել է զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Թրամփը նշել է, որ, իր կանխատեսմամբ, ԿԺԴՀ-ն այժմ ունի 57 միջուկային մարտագլխիկ։
«Ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ։ Եվ գիտե՞ք ինչ, այն, որ ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, լավ է, այլ ոչ թե վատ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԿԺԴՀ-ն «երբեք չպետք այդքան միջուկային զենք ունենար»։
Միևնույն ժամանակ, Կիմ Չեն Ընը չի պատրաստվում հրաժարվել միջուկային ծրագրից։ Փհենյանը ձգտում է Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային տերության միջազգային ճանաչմանը և մերժում է ապամիջուկայնացման պահանջի վրա հիմնված բանակցությունները։
Կիմի հետ ուղիղ երկխոսությունը վերսկսելու Թրամփի փորձը հաջորդել է Հարավային Կորեայի հետ ամենամյա համատեղ զորավարժություններում ամերիկյան զինվորականների մասնակցությունը կրճատելու նրա որոշմանը։ Նախագահը դա բացատրել է նաև հյուսիսկորեական առաջնորդի հետ «շատ լավ հարաբերություններով»՝ հայտարարելով, որ լայնամասշտաբ զորավարժությունները Փհենյանին «լիովին անհամարժեք և թշնամական ազդանշան» են ուղարկում։
Որպես մեկ այլ պատճառ Թրամփը նշել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին Հարավային Կորեայի ցուցաբերած ոչ բավարար աջակցությունը։
Այս տարի «Ulchi Freedom Shield» զորավարժությունները, որոնք սովորաբար տևում են մոտ 10 օր, կրճատվել են կիսով չափ և կավարտվեն ուրբաթ օրը։ Այս որոշումը մտահոգություն է առաջացրել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների, հատկապես Հարավային Կորեայի և Ճապոնիայի շրջանում, որտեղ սկսել են կասկածի տակ դնել ԿԺԴՀ-ի կամ Չինաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում օգնության հասնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը։
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել արագացնել ԱՄՆ-ից երկրի ռազմական լիակատար ինքնուրույնության հասնելու աշխատանքները և հանդես է եկել ատոմային սուզանավերի ավելի արագ ձեռքբերման օգտին։
Չորեքշաբթի օրը նախապես ծրագրված այցով Սեուլ է ժամանել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Հարավկորեացի պաշտոնակից Չո Հյոնի հետ հանդիպման ժամանակ վերջինս Պեկինին կոչ է արել աջակցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։



