երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Թել Ավիվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Թել Ավիվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունն այսօր կանչել է Թել Ավիվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրանցիսկ Պեդրոսին՝ բողոք հայտնելու Իսպանիայի երիտասարդության հարցերի նախարար Սիրա Ռեգոյի ՝ պաղեստինյան պետության աջակցության վերաբերյալ «գետից ծով» արտահայտության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է իսրայելական Yedioth Ahronoth թերթը:

Իրենց հերթին իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ հինգշաբթի Մադրիդում՝ Իսպանիայում Պաղեստինի դեսպան Ֆադի Էլհուսեյնին ներկայացնելու միջոցառման ժամանակ, Ռեգոն հայտարարել է, որ Իսպանիան «ճիշտ դիրք է գրավել մերձավորարևելյան հակամարտության հարցում», իսկ Իսպանիայի հանրությունն աջակցում է «գետից մինչև ծով» պաղեստինյան պետության ստեղծմանը։ Նա նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «պատերազմական հանցագործ» և Իսրայելին մեղադրել Գազայի հատվածում ցեղասպանության համար: Իսրայելն այդ հայտարարությունները որակել է որպես վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած Իսպանիայի կառավարության «համակարգված հակաիսրայելական քաղաքականության» մաս։

Իսպանիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացել են Մադրիդի կողմից Գազայում իսրայելական պատերազմի քննադատության ֆոնին: Իսպանիան Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչել է 2024 թվականի մայիսին։ 2026 թվականի ապրիլին Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել Եվրամիությանն ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Իսրայելի նկատմամբ, այդ թվում՝ վերանայել հարաբերությունները Թել Ավիվի հետ։

 

  • Կիսվել: