շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Թեհրանը ցանկացած գնով կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը. ԻԻՀ փոխնախագահ

Թեհրանը ցանկացած գնով կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը. ԻԻՀ փոխնախագահ

Թեհրանը ցանկացած գնով կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իր իրավունքը՝ անկախ նրանից՝ բանակցությունների սեղանի շուրջ, թե գետնի վրա»,- նշել է Մոհամմադ Ռեզա Արեֆը։

Իր հերթին Իրանի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Իրանը կվերահսկի նավերի շարժը Հորմուզի նեղուցով, մինչև տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն:

Բարձրագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ չի նահանջի իր դիրքերից և չի գնա զիջումների, իսկ հրադադարի պայմանը բոլոր ճակատներում կրակի դադարեցումն է՝ ներառյալ Լիբանանը։

Նշվում է նաև, որ Իրանը միջնորդի միջոցով Միացյալ Նահանգներից նոր առաջարկներ է ստացել, որոնք այժմ քննարկվում են:

«Վերջին օրերին, բանակցություններում միջնորդելու նպատակով Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարի Թեհրան կատարած այցից հետո, ամերիկացիները նոր առաջարկներ են ներկայացրել, որոնք Իրանը քննարկում է, բայց դեռևս պատասխան չի տվել»,- ասված է Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբը հայտնել էր, որ Թեհրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման և չափազանց մեծ պահանջների պատճառով:

Ըստ Al Hadath–ի՝ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում ապրիլի 26-ին:

  • Կիսվել: