երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Շենքի փլատակներում մարդիկ կան։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ավելի վաղ Aeon Mall առևտրի կենտրոնի օպերատոր ընկերությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ երկրաշարժից հետո բոլոր աշխատակիցները և հաճախորդները տարհանվել են։

Ճապոնական NHK լրատվական գործակալությունը նշում է, որ ականատեսներից մեկը տեսել է պայթյունը, որից հետո ծուխ է բարձրացել։ Գործակալության զրուցակիցը նաև տեսել է, թե ինչպես է շենքի երկրորդ հարկը փլուզվում, իսկ հաճախորդներից մի քանիսը տեղափոխվում են հիվանդանոց։ Ավելի ուշ հրշեջ ծառայությունը հաստատել է, որ առևտրային հաստատության երկրորդ հարկը փլուզվել է, իսկ փլատակներում բազմաթիվ մարդիկ կան։

BBC-ն իր հերթին հաղորդում է, որ մինչև առևտրի կենտրոնում պայթյունի մասին տեղեկությունների հայտնվելը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել էր, որ երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ, վնասվել են ճանապարհներ և ենթակառուցվածքներ, փլուզվել են շենքեր։ Նա բնակիչներին կոչ է արել տարհանվել ապահով վայր։

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ժամանակով 16։27-ին, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ 150 000 մարդու տարհանման հրահանգ է տրվել։ Երկրաշարժից հետո հայտարարվել է 1 մետր բարձրությամբ  ցունամիի վտանգ Արիակե և Յացուշիրո ծոցերի ափերին, սակայն մեկ ժամ անց ցունամիի վտանգը չեղարկվել է։

 

  • Կիսվել: