Թբիլիսիում բացվել է Ստալինի գաղտնի գինու մառանը. այնտեղ պահվում է 40,000 շիշ բացառիկ գինի
Վրաստանի իշխանություններն առաջին անգամ հանրությանն ու միջազգային փորձագետներին են ներկայացրել Իոսիֆ Ստալինի գաղտնի գինու մառանը, որտեղ տասնամյակներ շարունակ պահվել է շուրջ 40,000 շիշ հազվագյուտ և պատմական գինի: Հավաքածուն ունի բացառիկ արժեք, քանի որ դրանում ներառված են ֆրանսիական Բորդոյի լավագույն գինեգործական տների արտադրանքներ, որոնք թվագրվում են ընդհուպ մինչև 19-րդ դարի սկիզբ:
Պատմական տվյալների համաձայն՝ այս հավաքածուի զգալի մասը նախկինում պատկանել է ռուսական վերջին կայսրերին, սակայն 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո թագավորական մառանները բռնագրավվել են: Այնուհետև Ստալինը հրամայել է դրանք տեղափոխել Թբիլիսիի գաղտնի պահեստարաններ՝ տարիների ընթացքում այն համալրելով նաև վրացական լավագույն հնեցված գինիներով:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Վրաստանի կառավարությունը ծրագրում է հավաքածուի մի մասը հանել միջազգային աճուրդի, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղել երկրում գինեգործական մասնագիտացված դպրոցի հիմնադրմանը:



