ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թբիլիսիում առնվազն 600 կիլոգրամ վնասակար միս է առգրավվել

Թբիլիսիում առնվազն 600 կիլոգրամ վնասակար միս է առգրավվել

Վրաստանի պարենի ազգային գործակալությունը Թբիլիսիում մինչև 600 կիլոգրամ միս վնասակար է համարել և առգրավել, գրում է aliq.ge-ն:

Գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության տեսուչները ստուգել են մսի ու մսամթերքի իրացման 9 օբյեկտ և երեք օբյեկտներում արտադրական գործընթացը դադարեցրել են:

Ըստ տեղեկության՝ պատճառը կրիտիկական անհամապատասխանություններն են՝ սանիտարահիգիենիկ նորմերի, մակնշման կանոնների և պահպանման պայմանների խախտումները:

Ջերմաստիճանի ռեժիմի և մակնշման կանոնների խախտման համար երկու օբյեկտ տուգանվել է 1000 լարիով (մոտ 333 դոլար), և դադարեցվել է արտադրական գործընթացը, իսկ մեկ օբյեկտում հայտնաբերվել է ժամկետանց մթերք. վերջինս տուգանվել է 5000 լարիով (մոտ 1 666 դոլար), նաև դադարեցվել է արտադրական գործընթացը:

 

  • Կիսվել: