Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, Թրամփը՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտության մասին
Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նշել է, որ Դոնբասի 90 տոկոսը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի 75 տոկոսը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, և Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը հետ քաշվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ գտնվում են Կիևի վերահսկողության ներքո:
Ըստ Ուկրաինայի՝ այդ հատվածը կարող է վերածվել ազատ տնտեսական գոտու:
«Այդ հարցը լուծված չէ, բայց լուծումն ավելի է մոտենում: Սա շատ բարդ հարց է, բայց կարծում եմ՝ մենք այն կլուծենք: Մեկ կամ երկու շատ խնդրահարույց, շատ բարդ հարցեր կան, բայց կարծում եմ՝ մենք առաջ ենք ընթանում: Սա մեկ օրում կնքվող համաձայնագիր չէ»,-ասել է Թրամփը:
Ուկրաինայի նախագահն էլ նշել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիրը դնել հանրաքվեի, սակայն դրա համար նախ հրադադար է հարկավոր:
«Հանրաքվեի անցկացումը տարբերակներից ընդամենը մեկն է: Հանրաքվեի կարող է դրվել ինչպես ամբողջ ծրագիրը, այնպես էլ առանձին դրույթներ: Հնարավոր է օգտագործել նաև խորհրդարանում քվեարկության հնարավորությունը: Եթե այս ծրագիրը ոչ միանշանակ լինի մեր հասարակության համար, իհարկե, հենց հասարակությունը պետք է որոշում կայացնի, որովհետև դա ուկրաինացիների հողն է, դա մեկ մարդու հողը չէ»,-հայտարարել է Զելենսկին:


