չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թալիբները խզել են կապերն ահաբեկիչների հետ՝ հանուն չինական բարեկամության

Թալիբները խզել են կապերն ահաբեկիչների հետ՝ հանուն չինական բարեկամության

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները խզել են կապերը Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման (չինական ույղուրների ահաբեկչական կազմակերպություն) հետ և նրանց զինյալներին դուրս մղել Աֆղանստանից՝ Չինաստանի հետ բարեկամությունն ամրապնդվելու նպատակով: Այս մասին չինական Global Times թերթին տված հարցազրույցում ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

Նրա խոսքով՝ թալիբները ույղուր արմատականներին վտարել են, քանի որ «թույլ չեն տա Աֆղանստանն օգտագործել այլ երկրների, այդ թվում հարևանների» դեմ: «Մենք թույլ չենք տա ահաբեկիչներին զորավարժություններ անցկացնել մեր տարածքում, թույլ չենք տա միջոցներ ձեռք բերել արտաքին քաղաքական ծրագրեր իրականացնելու համար: Մենք թույլ չենք տա, որ Աֆղանստանը դառնա ահաբեկիչների հավաքագրման կենտրոն»,- ասել է Շահինը:

Պեկինը բազմիցս դիմել էր «Թալիբանին»՝ խնդրելով խզել կապերը Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման հետ՝ Չինաստանի աջակցության դիմաց: Արտգործնախարար Վան Յին դեռ հուլիսին կոչ էր արել թալիբներին՝ խուսափել ույղուրների հետ համագործակցությունից:

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Գեն Շուանն էլ միջազգային հանրությանը կոչ է արել Աֆղանստանի նոր իշխանություններին թույլ տալ մուտք գործել երկրի սառեցված արտաքին ակտիվներ: Հայտարարությունը նա արել է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի նիստում՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շուանը շեշտել է, որ այդ միջոցները պատկանում են Աֆղանստանին և պետք է օգտագործվեն երկրի բարօրության համար: Դիվանագետը նաև նշել է, որ միջազգային ակտիվները չպետք է օգտագործվեն օտարերկրյա պետությունների կողմից որպես սպառնալիքների, ճնշումների կամ զսպման լծակներ:

Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ը սառեցրեց Աֆղանստանի ակտիվները, հետագայում Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Եվրամիությունը միացան տնտեսական շրջափակմանը, ինչպես նաև դադարեցրին իսլամական հանրապետությունում նախագծերի ֆինանսավորումը:

  • Կիսվել: