ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են հարձակումները Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում

Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են հարձակումները Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում

Հինգշաբթի Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում գտնվող հայկական ռեստորանի վրա իսրայելցի վերաբնակների հարձակումից հետո Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են բռնությունը, կոչ են արել ուժեղացնել փոքրամասնության խմբերի պաշտպանությունը և զգուշացրել են «արմատական ուժերի ագրեսիայի» մասին, որի նպատակը քաղաքի հրեականացումն է, գրում է cruxnow.com-ը:

Հինգշաբթի երեկոյան մի խումբ վերաբնակներ հարձակվել էին Երուսաղեմի քրիստոնեական թաղամասի Նոր Դարպասի մոտ գտնվող գինու բարի վրա։ Անվտանգության տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես է խումբը պաստառներ տանում և աթոռները կատաղած նետում ռեստորանում նստածների ուղղությամբ:

Իսրայելի ոստիկանությունը, որը ժամանել էր զանգից մեկ ժամ անց, ցրել է ամբոխը, սակայն, ըստ տեղեկությունների, ձերբակալություններ չի կատարել: Սուրբ Երկրի Կաթոլիկ եպիսկոպոսաց ժողովը, որը համախմբում է տարածաշրջանի տարբեր կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներին, արագ արձագանքել է։

Հայտարարության մեջ կառույցը կոչ է արել «պաշտպանել Հին քաղաքի անզեն բնակիչներին արմատական ագրեսորներից, որոնք ձգտում են փոխել Երուսաղեմ քաղաքի բազմաբնույթ կերպարն ու նրա մշակութային և կրոնական խճանկարը՝ ցանկանալով սահմանափակել այն մեկ կերպարով»: Ժողովը նաև հայտարարել է արմատական ուժերի հետագա երթերը կանխելու համար իրավական գործողություններ ձեռնարկելու իր իրավունքի մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդների քաղաքավարի պատասխանից հետո ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ էլ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին հայ երիտասարդները մոտեցել և կանխել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով:

Դիմակավոր ծայրահեղականները փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ արցունքաբեր գազ են փչել և հայհոյել հայերին: Նրանց սադրիչ գործողությունների արդյունքում ոստիկանները, զենքերը պահելով հայերի վրա, ծեծի են ենթարկել մի քանիսին, հայերից մեկին ձերբակալել և տարել ոստիկանություն:

  • Կիսվել: