Սթարմերի գրասենյակում սկսել են նախապատրաստվել իշխանության փոխանցմանը․ The Guardian
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակում սկսվել են իշխանության հնարավոր փոխանցման նախապատրաստական աշխատանքները։ Հունիսի 21-ին այս մասին հայտնել է բրիտանական The Guardian պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածու է համարվում Մեծ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բյորնեմը։ Ավելի վաղ՝ հունիսի 18-ին, նա հաղթել էր Մեյկերֆիլդի ընտրատարածքում կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում։
Պարբերականի զրուցակիցների փոխանցմամբ՝ վարչապետի գլխավոր քարտուղար Դարեն Ջոնսն արդեն հանդիպել է Բյորնեմի թիմի առանցքային անդամ, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լուիզա Հեյգի հետ։ Նշվում է, որ Սթարմերը մտադիր է իր հեռացման պայմանները ներկայացնել միակողմանիորեն՝ առանց հավանական հաջորդողի հետ պլանի մանրամասները նախապես քննարկելու։
Կառավարությունում թերթի աղբյուրները հստակեցնում են, որ ամենահավանական սցենարի համաձայն՝ Սթարմերը պաշտոնից կհեռանա 2026 թվականի աշնանը։ Նման ժամանակացույցը թույլ կտա նոր առաջնորդին համախմբել կուսակցությունը սեպտեմբերի վերջին կայանալիք ամենամյա համաժողովում, իսկ կառավարությանը ժամանակ կտա աշնանային բյուջեի նախապատրաստման համար։
Այդուհանդերձ, Լեյբորիստական կուսակցության ներսում դեռևս անորոշություն կա այն հարցում, թե արդյոք Բյորնեմը կլինի առաջնորդության միակ հավակնորդը։ Պայքարի մեջ մտնելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը։ Նրա խոսքով՝ ինքը կարող է ստանալ 81 պատգամավորի աջակցությունը։


