հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ

Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ

Տեղական ընտրությունները Թուրքիայում, որոնցում հաղթեց ընդդիմությունը, սկբնավորեցին վեճեր այն մասին, թե ով կարող է դառնալ հանրապետության նոր նախագահը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլո՞ւն, թե՞ Անկարայի նրա գործընկեր Մանսուր Յավաշը։ Այս մասին գրել է Hürriyet կառավարամետ թերթը՝ նշելով, որ մարտի 31-ին վերընտրված քաղաքագլուխները փաստորեն սկսել են մրցարշավը նախագահի աթոռի համար, որի ընտրությունները նախատեսված են 2028թ.։

Երկու քաղաքական գործիչները ներկայացնում են գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։ 52-ամյա Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 51,147 տոկոսը, 68-ամյա Յավաշը հաղթել է Անկարայում՝ 60,43 տոկոս ձայներով։

 

«Իմամօղլուի նախագահական հավակնությունների մասին հայտնի է 2019-ից [երբ նա հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում]։ Անցած տարի նրան խանգարեց [այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Քեմալ] Քըլըչդարօղլուն։ Միեւնույն ժամանակ, ընտրազանգվածի զգալի աջակցությունն ունի նաեւ Յավաշը»,- գրել է պարբերականի մեկնաբան Աբուլքադիր Սելվին։ Նրա կարծիքով՝ Իմամօղլուն 2028թ. ընտրություններում կարող է առաջադրվել ՀԺԿ-ի թեկնածու, իսկ Յավաշը կարող է առաջադրվել որպես անկախ թեկնածու։ «Այս գործընթացում զսպիչ տարր կարող է դառնալ ՀԺԿ առաջնորդ Օզգյուր Օզելը»,- նշել է մեկնաբանը։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, մարտի 31-ի ընտրությունների նախօրեին հայտնել է, որ դրանք իր համար «եզրափակիչ կլինեն օրենքով տրամադրվող լիազորությունների շրջանակում»։

Միեւնույն ժամանակ, երկրի քաղաքական ոլորտում սկսել են քննարկել Էրդողանի նոր ժամկետով ընտրվելու հարցը։ Ներկա սահմանադրությամբ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե խորհրդարանը որոշում ընդունի արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ արտահերթ ընտրություններ երկրի օրակարգում այժմ չկան։

  • Կիսվել: