Սպիտակ տան մոտ հրաձգության ժամանակ վիրավորված անցորդը զինծառայող է եղել
Անցյալ ամիս Սպիտակ տան մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածք ստացած տղամարդը ԱՄՆ բանակի գործող զինծառայող է և դեռ շարունակում է բուժումը։ Այս մասին հայտնել են նրա շահերը ներկայացնող իրավաբանական ընկերության ներկայացուցիչները, փոխանցում է Associated Press-ը։
Տուժածը՝ 25-ամյա Բենջամին Դել Ռեալը, վիրավորվելուց հետո հոսպիտալացվել էր և վիրահատվել։ Նրա փաստաբան Ջոզեֆ Մերֆիի խոսքով՝ նա աստիճանաբար ապաքինվում է և անցնում վերականգնողական փուլ։
Clifford Law Offices իրավաբանական ընկերությունից հստակեցրել են, որ Դել Ռեալն ունի առաջին կարգի շարքայինի զինվորական կոչում և բանակում ծառայում է շուրջ երեք տարի։ Ֆորտ Բրեգի ուսումնական ծրագրի շրջանակներում նա պատրաստություն անցնելիս է եղել անցնում հատուկ նշանակության ստորաբաժանումում։
«Նա շարունակում է բժշկական օգնություն ստանալ և թերապիա է անցնում չհանրայնացվող վայրում», — հայտնել է ընկերության ներկայացուցիչ Փեմ Մենակերը։
Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 23-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան անցակետերից մեկի մոտ։ Ոստիկանության տվյալներով՝ զինված տղամարդը մոտեցել էր Գաղտնի ծառայության աշխատակիցներին և կրակ բացել։ Հարձակվողը՝ 21-ամյա Նասիր Բեստը, տեղում սպանվել է պատասխան կրակով։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ հարձակվողը նախկինում նույնպես փորձել էր ներխուժել Սպիտակ տան տարածք, սակայն բերման էր ենթարկվել. այդ ժամանակ նա հայտարարել էր, թե «ինքը Հիսուս Քրիստոսն է» և ցանկանում է, որ իրեն ձերբակալեն։
Այդուհանդերձ, զինծառայող Դել Ռեալի վիրավորվելու հանգամանքները դեռ լիովին պարզ չեն։ Տեղական մեդիայի վկայակոչած որոշ աղբյուրներ պնդում էին, որ նա կարող էր վիրավորվել Գաղտնի ծառայության աշխատակիցների պատասխան կրակի հետևանքով, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Կոլումբիայի օկրուգի իշխանությունները հայտարարել են, որ բալիստիկ փորձաքննությունը դեռ չի ավարտվել, և պարզված չէ, թե ում արձակած գնդակից է վիրավորվել տուժածը։ Քննությունն իրականացնում է մայրաքաղաքային ոստիկանության ներքին հետաքննությունների բաժինը, որից հետո նյութերը կփոխանցվեն ԱՄՆ դատախազություն։
Զինծառայողի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունը հայտնել է, որ սեփական հետաքննությունն է անցկացնում և մտադիր է հասնել տեղի ունեցածի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանը։


