Սիրիայում ռուսական բազաների ապագայի հետ կապված հարցերը բանակցությունների փուլում են․ Սիրիայի ՊՆ
Սիրիայի տարածքում ռուսական ռազմակայան բազաների ապագայի և Ռուսաստանի ու Սիրիայի հարաբերությունների հարցերը բանակցությունների փուլում են։ Այս մասին ասել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը։ Մենք դեռ հրահանգներ չենք ստացել։ Սակայն բանակցություններ են ընթանում, որոնք վարում է ղեկավարությունը՝ ԱԳՆ-ի մասնակցությամբ»։
Աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայում ռուս զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնում։
Նշվում է նաև, որ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը կարող է Սիրիայի տարածքում ռազմակայաններ օգտագործել մինչև 2066 թվականը։