երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Շվեյցարիայում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները՝ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ

Շվեյցարիայում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները՝ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ

Կիրակի օրը շվեյցարական Բյուրգենշտոկում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները՝ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ, հայտնում է Mehr-ը։

Իրանական և ամերիկյան պատվիրակությունները երկկողմ հանդիպումներ են անցկացրել Պակիստանից և Կատարից ժամանած միջնորդների հետ։

Հաղորդվում է, որ Կատարի պատվիրակությունը՝ վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի գլխավորությամբ, հանդիպել է Իրանի ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ պակիստանյան պատվիրակությունը, որը գլխավորում են վարչապետ Շեհբազ Շարիֆը և բանակի շտաբի պետ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, հանդիպում է անցկացրել ամերիկյան կողմի հետ։

ԶԼՄ-ների տվյալներով, Իրանի արտգործնախարարը, որը խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ղեկավարած պատվիրակության կազմում է, առանձին հանդիպում է ունեցել նաև Պակիստանի ԱԳ նախարարի հետ։

Միևնույն ժամանակ շվեյցարական Բյուրգենշտոկում շփումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ այդ թվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, և պակիստանցի միջնորդների միջև։ Հաղորդվում է նաև, որ ամերիկյան պատվիրակությունը կարճ հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի հետ։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հանդիպել էր նաև իր շվեյցարացի գործընկերոջ հետ։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցությունները, ինչպես սպասվում է, կտևեն մեկ օր և կավարտվեն կիրակի օրը։

Մի շարք աղբյուրների տվյալներով, քննարկումը ներառում է նաև Լիբանանի իրավիճակին առնչվող հարցեր։ Հաղորդվում է նաև Շվեյցարիայում հանդիպման շրջանակում արտահերթ նստաշրջան անցկացնելու մասին։

Բանակցություններն ընթանում են «Լյուցեռնի լճի գագաթնաժողով» անվան ներքո՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչների միջնորդությամբ։

  • Կիսվել: