Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավում տեղակայված իսպանացի զինծառայողների շրջանում քոսի բռնկում է գրանցվել: Այս մասին հաղորդել է Vanguardia հրատարակությունը։
Ըստ հրապարակման՝ հիվանդությունը հաստատվել է 14 զինվորի մոտ. նրանք տեղավորվել են այնպիսի տարածքներում, որոնք սովորաբար չեն օգտագործվում և չունեն բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ։
Հրատարակությունը, հղում անելով EFE գործակալությանը, նշում է, որ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինվորականների շրջանում քոսի բռնկումը ուղղակիորեն կապված չէ միգրացիոն ճգնաժամի հետ։
Ավելի վաղ Espanol-ը հայտնել էր, որ Սեուտայում գտնվող միգրանտների շրջանում քոսը զանգվածաբար տարածվում է, և կա այլ հիվանդությունների, այդ թվում՝ սալմոնելոզի, տուբերկուլյոզի, կարմրուկի և խոլերայի բռնկման մեծ վտանգ։
Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար միգրանտ շարունակում է մնալ Սեուտայում և բնակություն է հաստատել ծովափին։
Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է գործի դնել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգությունն ապահովելու նպատակով:


