Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել
Հուլիսի 30-ից ի վեր Իսպանիայի ոստիկանությունը Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Սեուտա անկլավում հայտնաբերել և նույնականացրել է ուղեկցողներ չունեցող 2168 անչափահաս միգրանտի, որոնց հանձնել են ինքնավար քաղաքի իշխանությունների խնամակալությանը: Այս մասին հաղորդում է Democrata պարբերականը։
Սա մեծապես գերազանցում է առանց ուղեկցողի օտարերկրացի անչափահասների ընդունելու՝ Սեուտային հատկացված թիվը, որը կազմում է 29 երեխա, նշում է հրատարակությունը։
Իսպանիայի կառավարությունն առաջարկել է 25 միլիոն եվրո հատկացնել անչափահասների հետ կապված արտակարգ վիճակը հասցեագրելու համար։
Ըստ Europa Press պարբերականի՝ վերջին հինգ օրվա ընթացքում հայտնաբերված անչափահասների թիվն աճել է 270-ով։
Գործող կենտրոնների լեփ-լեցուն լինելու պատճառով Սեուտայի իշխանությունները Երիտասարդների գործերի նախարարության խնդրանքով լրացուցիչ շինություններ, այդ թվում՝ երկու դպրոց են բացել անչափահասներին տեղավորելու համար։
Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար միգրանտ շարունակում է մնալ Սեուտայում և բնակություն է հաստատել ծովափին։
Սեուտայում միգրանտների շրջանում արագորեն տարածվում է քոսը, և առկա է սալմոնելոզի, տուբերկուլյոզի, կարմրուկի ու խոլերայի բռնկումների մեծ վտանգ։ Իսպանիայի իշխանությունները կազմակերպում են հայրենադարձությունը։ Անկլավից հեռանալ ցանկացողները գրավոր դիմում են ներկայացնում, որից հետո նրանց ուղեկցում են մինչև սահմանային անցակետ։



