Սերբիայի ՆԳՆ-ն հայտնել է ցուցարարների նոր ձերբակալությունների մասին
Սերբիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հուլիսի լույս 4-ի գիշերը բացահայտել են 636 մարդու ինքնություն, որոնցից 19-ը տարվել են ոստիկանական տեղամասեր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 16 մարդ ձերբակալվել է վարչական իրավախախտումների համար, ևս երեքը՝ քրեական հանցագործությունների կատարման կասկածանքով: Առանձին միջադեպեր են գրանցվել Բելգրադում և այլ քաղաքներում, որտեղ մի քանի ցուցարարներ ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար: Ցուցարարների գործողությունների հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան:
Միևնույն ժամանակ Pink հեռուստաալիքը հայտնել է, որ հուլիսի 4-ի առավոտյան Բելգրադում ցուցարարների կողմից նախատեսված երթևեկության լիակատար շրջափակումը տեղի չի ունեցել: Մայրաքաղաքի բոլոր կարևոր կետերն ու կամուրջներն ազատ են:
Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Pink հեռուստաալիքի եթերում ընդգծել է, որ «ոստիկանությունը երեկ և այսօր նախազգուշացրել է բոլոր նրանց, ովքեր պլանավորում են շրջափակում կազմակերպել, որ ստիպված կլինի ձեռնարկել բոլոր միջոցները՝ տեղաշարժի ազատությունն ապահովելու համար»։
Հուլիսի 4-ին հայտարարված բողոքի ցույցերի նախօրյակին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շարժման մասնակիցներին է դիմել կոչով՝ հրաժարվել Բելգրադում և երկրի այլ քաղաքներում երթևեկության լիակատար շրջափակման ծրագրերից։
Ըստ Սերբիայի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության՝ հունիսի 28-ին ընդդիմության չարտոնված բողոքի ցույցին մասնակցել է մոտ 36 000 մարդ։ Ցուցարարների հետ բախումների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցներն ստիպված են եղել կիրառել հատուկ միջոցներ՝ ցուցարարներին մի շարք կենտրոնական փողոցներից դուրս մղելու համար։ Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է ոստիկանության 48 աշխատակից, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ 1 անչափահաս։
Ցուցարարները շարունակում են ամեն օր փակել Բելգրադի և այլ քաղաքների հիմնական տրանսպորտային հանգույցները, հնչում են ձերբակալվածներին ազատ արձակելու, ընտրություններ անցկացնելու և խորհրդարանի շենքի մոտ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների վրանային ճամբարն ապամոնտաժելու պահանջներ: