երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սենատոր Մենենդեսը կարող է վետո դնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վրա

Սենատոր Մենենդեսը կարող է վետո դնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վրա

Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցով կրքերը չեն հանդարտվում ԱՄՆ-ի Կոնգրեսում, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախ ամիսներ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ 2 նախապայման էր առաջ քաշել՝ ընդունելով համապատասխան նախագիծ: Նախապայմանները հետևյալն էին.

1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։

2. Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:

Նախատեսվում էր, որ ԱՄՆ Սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունված ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:

Սակայն նախօրեին Սենատում քննարկման արդյունքում վերոնշյալ օրենքի տեքստի վերջնական տարբերակից հանվել են Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ ընդունված նախապայմանների նախագիծը:

Այս հանգամանքն առաջացրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի դժգոհությունը: Նա հայտարարել է, որ Թուրքիային զենքի վաճառքի հարցում մերժման ուղղությամբ կաշխատի:

«Բացեիբաց ասում եմ՝ ես, որպես Սենատ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիային որևէ F-16-ի վաճառք չեմ հաստատելու, քանի դեռ Էրդողանը չի փոխել տարածաշրջանում իր ագրեսիվ կեցվածքը»,- ասել է Մենենդեսը:

Նշենք, որ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը պետք է 2023թ.-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին» համար համատեղ վերջնական տեքստ մշակեն ու ներկայացնեն նախագահ Բայդենի հաստատմանը:

  • Կիսվել: