երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սալիվանը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ

Սալիվանը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այց է կատարել Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
 
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Սալիվանի այցի նպատակն է «վերահաստատել ԱՄՆ-ի անսասան հանձնառությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ ինքնապաշտպանության գործում»։
 
Սալիվանը և Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի օգնության տարբեր հարցեր, ինչպես նաև ընդգծել են Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության կարևորությունը։
 
Ըստ The Washington Post-ի՝ Ուկրաինայում սպառազինության և զինվորների պակաս կա, և երկրի առջև ծառացած խնդիրների պայմաններում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեռ չի հաստատել անվտանգության աջակցության փաթեթը, որը ներառում է 60 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։
 
Սալիվանը Զելենսկիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ասուլիսում վստահություն է հայտնել, որ այդ օգնությունը կհասնի Ուկրաինային։ 

  • Կիսվել: