հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարը. ինչ են քննարկել

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարը. ինչ են քննարկել

Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը մեծապես ավելացել են: Նա շեշտել է ավելի շատ զինամթերք արտադրելու անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում է Ուկրաինայի պաշտպանության ամրապնդումը, Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը:

Ռյուտեն հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային և հրթիռային կարողություններին հասցրած հարվածը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար:

Մարկո Ռուբիոն իր հերթին ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է օգտակար լինի մասնակից բոլոր երկրների համար: Նա շեշտել է ավելի սերտ գործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Ռուբիոն նաև նշել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում որոշ առաջընթացի մասին: Նրա խոսքով՝ հիմնական հարցերը նույնն են մնում՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ դա ապահովելու համար հարկավոր է հասցեագրել հարստացված ուրանի խնդիրը։ Ռուբիոն նաև անընդունելի է համարել այն, որ Իրանը փորձում է Հորմուզի նեղուցում տուրքերի գանձման համակարգ ներդնել և հորդորում է Օմանին միանալ իրեն այս հարցում: Ռուբիոյի խոսքով՝ դա նախադեպ կստեղծի այլ երկրների համար՝ նմանատիպ տուրքեր սահմանել ռազմավարական կարևոր այլ ջրային ուղիներով անցման համար:

  • Կիսվել: