Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր
Ryanair ընկերության ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է տեղի ունեցել Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանից թռիչքի ժամանակ. անհայտ պատճառով հանկարծակի կոտրվել է պատուհանը, և դրա մոտ նստած ուղևորը կիսով չափ դուրս է ձգվել, որի հետևանքով ստացել է վնասվածքներ և այրվածքներ։ Այս մասին հայտնել է հունական ERT-news հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սալոնիկի «Մակեդոնիա» միջազգային օդանավակայանից Ryanair-ի չվերթը ուղևորվում էր դեպի գերմանական Մեմինգեն քաղաքի օդանավակայան։ Ուղևորների խոսքով՝ թռիչքից մի քանի րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն օդում էր, ուժեղ աղմուկ է լսվել, պատուհանը կոտրվել է, և հենց դրա մոտ նստած ուղևորը հայտնվել է գրեթե կիսով չափ ինքնաթիռից դուրս։ 60-ամյա հույնի կողքին նստած ուղևորներին հաջողվել է նրան պահել ինքնաթիռի ներսում։ Օգնել են նաև անվտանգության գոտիները, որոնցով կապված է եղել տուժածը։
Ինքնաթիռում խուճապ է սկսվել, ավտոմատ կերպով դուրս են ընկել թթվածնային դիմակները։ Օդաչուները հանգստացրել են ուղևորներին և ինքնաթիռը վերադարձրել Սալոնիկի օդանավակայան։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նա գտնվում է շոկային վիճակում, ունի պարանոցի խնդիրներ, քերծվածքներ և կոտրված պատուհանից առաջացած շփման հետևանքով այրվածքներ։ Մնացած ուղևորները, որոնցից շատերը չեն տուժել, արդեն մեկնել են Գերմանիա մեկ այլ չվերթով։
Ըստ առկա տեղեկությունների՝ պատահարի պատճառ կարող էր հանդիսանալ թռիչքի ժամանակ շարժիչից պոկված մի կտոր, որն էլ կոտրել է պատուհանը, հայտնում է հեռուստաալիքը։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում։


