Ռուսաստանը նախկին վարչապետ Կասյանովին ներառել է «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցուցակում
Ռուսաստանի ֆինանսական վերահսկիչ մարմինը նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին և տնտեսագետ Սերգեյ Գուրիևին ներառել է «ծայրահեղականների և ահաբեկիչների» իր ցուցակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Միխայիլ Կասյանովը լքել է հայրենիքը: Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերին, Ռուսաստանը Կասյանովին հայտարարել էր «օտարերկրյա գործակալ»։
Կասյանովը 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը։ 2005 թվականից անցել է ընդդիմության շարքերը:
Կասյանովը ղեկավարել է «Ժողովրդական ազատություն» կուսակցությունը և Ռուսաստանի ժողովրդական-դեմոկրատական միությունը:
Գուրիևը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախկին գլխավոր տնտեսագետն է, որն այժմ զբաղեցնում է Լոնդոնի բիզնես դպրոցի դեկանի պաշտոնը:


