Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ հանրապետության մասնաբաժինը ՌԴ արտաքին առևտրում մեծ չէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Դա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ բարձր չէ, իսկ ՀՀ ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ աննշան է»,- ասել է Աղասանդյանը:
Նա ընդգծել է, որ առանձին ապրանքների ներմուծման սահմանափակումներն ուղղված են ԵԱՏՄ սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանող անվտանգ արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարումների ապահովմանը:
«Միության անդամ երկրների պետական սահմանների անցման կետերում պետական վերահսկողական մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով», – պարզաբանել է դիվանագետը:



