Ռուսաստանը չի մասնակցել Գազայի կոնֆլիկտի կարգավորմանը. Պեսկով
Ռուսաստանը չի մասնակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև իրավիճակի կարգավորման գործընթացին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսրայելն ու ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնել են 42-օրյա զինադադարի և հայտարարել են մարտական գործողությունների վերջնական դադարեցման ձգտման մասին։ Այս գործողությունները 15 ամսվա ընթացքում խլել են 46 հազար պաղեստինցու և շուրջ 1500 իսրայելցու կյանք:
Գործարքի առաջին փուլն ընդգրկում է 33 իսրայելցի պատանդի ազատում՝ մոտ 1000 պաղեստինցի բանտարկյալի դիմաց։ Իսրայելի զորքերը պետք է նահանջեն Գազայի հատվածի սահմաններ։ Զինադադարի առաջին օրից կմեծանան հումանիտար օգնության մատակարարումները՝ հասնելով օրական 600 բեռնատարի, այդ թվում 50-ը՝ վառելիքով։ Պաղեստինցիներին կտրամադրվի 200 հազար վրան և 60 հազար շարժական տուն։
Սա հակամարտության ընթացքում երկրորդ զինադադարն է․ առաջինը կնքվել էր 2023 թ.-ի նոյեմբերին և տևել ընդամենը 6 օր։