Ռուսաստանում ոսկուց թանկ նոր հանքանյութ են հայտնաբերել
Գիտնականները Կոլայի թերակղզու Խիբինի լեռնազանգվածում նախկինում գիտությանն անհայտ հանքանյութ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը։
Նոր հանքանյութը հայտնաբերել են ՌԳԱ Կոլայի գիտական կենտրոնի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և Ա․ Ե․ Ֆերսմանի անվան հանքաբանական թանգարանի հետազոտողները՝ Խիբինի լեռնազանգվածի Կիրովսկի հանքահորում։ Այն անվանել են «կոլյան աշկրոֆտին»։
Բյուրեղի կազմում հայտնաբերվել է իտրիում՝ հազվագյուտ հողային տարր, որն օգտագործվում է ժամանակակից տեխնոլոգիաներում։ Մասնագետների խոսքով՝ հանքանյութն իրենից ներկայացնում է երկրակեղևի յուրօրինակ «քիմիական արխիվ»․ այն պարունակում է իտրիում, կալիում, նատրիում, կալցիում, մանգան, սիլիցիում և ֆտոր։
Գտածոյի առանձնահատկությունը բյուրեղի արտասովոր կառուցվածքն է․ այն դասվում է հայտնի հանքանյութերի ամենաբարդ կառուցվածքների շարքին։ Հետազոտողները նշում են, որ կոլյան նմուշը դասական աշկրոֆտինից տարբերվում է իր կազմով և կառուցվածքով։
Աշկրոֆտինը վարդագույն երանգով հազվագյուտ սիլիկատային հանքանյութ է, սովորաբար՝ թափանցիկ և փխրուն։ Մինչ այս այն գտել էին Գրենլանդիայում, Կանադայում և Իտալիայում։
ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության տվյալներով՝ աշկրոֆտինի որոշ նմուշների մակերեսի մեկ միլիմետրի արժեքը կարող է հասնել մոտ 145 դոլարի։ Արդյունքում այն ավելի թանկ է դառնում, քան ոսկին։



