Ռուսաստանում հետապնդվող լրագրողը ձերբակալվել է Հայաստանում
Հայ սահմանապահ ծառայողները ձերբակալել են Վրաստանից Հայաստան մեկնող լրագրող Իլյա Դանիլովին և տեղափոխել սահմանային ոստիկանության բաժանմունք:
Լրագրողն ավելի վաղ աշխատել է Նավալնիի շտաբում, ինչի պատճառով Ռուսաստանում նրա նկատմամբ հարուցվել է երկու քրեական գործ՝ «բանակի մասին կեղծիքների» ու «ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու» մեղադրանքներով, և նա հեռակա ձերբակալվել է։
Փաստաբան Դմիտրի Զախվատովը portmedia-ի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը Ռուսաստանին չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող լրագրողին։ Արտահանձնումը հնարավոր է այն դեպքում, երբ Ռուսաստանի քաղաքացուն հայրենիքում առաջադրված մեղադրանքին համապատասխան հոդված առկա է նաև ՀՀ քրեական օրենսգրքում: Այդուհանդերձ, հետախուզման մեջ գտնվող ակտիվիստի պաշտոնական ձերբակալությունը պետք է իրականացվի ցանկացած պարագայում։
«Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ Քիշնևի կոնվենցիայով, որոնք նախատեսում են քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով օգնություն: Ակնհայտ է, որ հայկական օրենսդրությունում չկա որևէ դրույթ, որը թույլ կտա հետապնդել ընդդիմադիր շարժումը պարզապես ընդդիմադիր շարժում լինելու համար: Եվ, հետևաբար, իհարկե, արտահանձնման հարցումը կմերժվի. դրանում կասկած չկա», - նշել է փաստաբանը։
Միևնույն ժամանակ, իրավապաշտպանի փոխանցմամբ, Իլյա Դանիլովը կարող է կալանավորված մնալ մինչև երկուշաբթի, քանի որ շաբաթ-կիրակի օրերին դատախազը արտահանձնումը մերժելու որոշում չի կայացնի։


