Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 1200 մարմին․ այժմ կողմերի միջև տեղի է ունենում նաև գերիների փոխանակում։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել»,-հայտնում է լրատվամիջոցը։
Գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենում նաև գերիների հավասար փոխանակում՝ չմանրամասնել, թե քանի գերու մասին է խոսքը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ հունիսի 11-ին Մոսկվան Կիևին է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի 1212 զինծառայողի մարմին, ստացել՝ 27 զոհված ռուս զինծառայողի մարմին։
Եվս 1200 մարմին Ուկրաինային էր փոխանցվել հունիսի 13-ին։
Նշենք, որ այս փոխանակումը տեղի է ունենում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ նաև հուշագրեր էին փոխանակել և պայմանավորվել գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել։
Ըստ դրա՝ կողմերը մինչև 25 տարեկան ռազմագերիների 1-ին խմբի փոխանակումը իրականացրեցին հունիսի 9-ին, 2-րդը` հունիսի 10-ին, 3-րդը` հունիսի 12-ին։