Ռուսաստանի Պետդուման հաստատել է բանակն արտասահմանում օգտագործելու մասին օրինագիծը
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի դրույթները նախագահի որոշմամբ թույլ կտան արտասահմանում զինված ուժեր օգտագործել՝ հետապնդումների ենթարկվող՝ Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:
Նշվում է, որ կողմ է քվեարկել 413 պատգամավոր, դեմ կամ ձեռնպահ չեն եղել։
Ինչպես նշել է օրինագիծը ներկայացնող պետքարտուղար-պաշտպանության փոխնախարար Աննա Ցիվիլևան՝ օրինագիծը նպատակ ունի ստեղծելու իրավական հիմքեր՝ Ռուսաստանի քաղաքացիներին այլ երկրներում «քրեական և այլ հետապնդումներից» պաշտպանելու համար։
Համազեկուցող և պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը նույնպես նշել է, որ դրույթները կօգնեն պաշտպանելու Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև ռուսական կազմակերպությունների իրավունքները «արտաքին անօրինական հարձակումներից»։
Կառավարության ներկայացրած օրինագիծը թույլատրում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված կամ կալանավորված, կամ օտարերկրյա դատարանների որոշումների համաձայն քրեական կամ այլ հետապնդման ենթարկվող ռուսներին պաշտպանելու համար։
Ինչպես հաղորդվում է՝ դա վերաբերում է միայն այն դատական գործողություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, և որոնց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։


