Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի գործողությունները
Ռուսաստանը խիստ անհանգստացած է Մերձավոր Արևելքում իրադրության վտանգավոր էսկալացման առնչությամբ և վճռականորեն դատապարտում է Իսրայելի «ուժային գործողությունն» Իրանի նկատմամբ, որն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, քնած խաղաղ քաղաքների և միջուկային էներգիայի ենթակառուցվածքի օբյեկտների դեմ չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են…. Իրադարձություններին հատուկ ցինիզմ է հաղորդում այն փաստը, որ Իսրայելի հարձակումները կատարվել են ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում և Իրանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև անուղղակի շփումների հերթական փուլի նախաշեմին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Մոսկվան հաստատակամորեն կարծում է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորումը չունի ռազմական-ուժային լուծում և կարող է ձեռք բերվել բացառապես խաղաղ, քաղաքական- դիվանագիտական ճանապարհով:
Ռուսաստանն Իսրայելին և Իրանին զսպվածության կոչ է անում ՝ հետագա էսկալացում և տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի ծավալում թույլ չտալու համար:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, Ռուսաստանն անհանգստացած է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ էսկալացումը: