Ռուսաստանցիներին սկսել են տուգանել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները նկարահանելու համար
Ռուսաստանի տասներկու շրջանում քաղաքացիները կարող են տուգանվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքները հրապարակելու համար, հաղորդել է «Կոմերսանտ»-ը։ Սակայն շրջանների մեծ մասում այս օրենքը դեռևս ուժի մեջ չէ։
Պաշտոնապես, անօդաչու թռչող սարքերի հարձակումների նկարահանման ու հրապարակման արգելք է սահմանվել Աստրախանի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Իվանովոյի, Կուրսկի, Լենինգրադի և Տվերի մարզերում, ինչպես նաև Ադիգեայում, Կալմիկիայում և Սանկտ Պետերբուրգում, նշում են լրագրողները։
Անօդաչու թռչող սարքերի հարձակումների նկարահանումն ու հրապարակումը նախկինում դաշնային մակարդակով արգելված չեն եղել։ 2023 թվականին մի խումբ ռուս սենատորներ մշակել են փոփոխությունների փաթեթ, որը նախատեսել է վարչական և քրեական պատասխանատվություն սահմանել ռազմական բնույթի տեղեկությունների, ներառյալ՝ ԱԹՍ-ների կադրերի տարածման համար:
Սակայն, ինչպես գրել է «Կոմերսանտը» 2024 թվականի մարտին, Ռուսաստանի նախագահի աշխատակազմը «կարևոր է համարել պահպանել տեղեկատվության պաշտպանության և դրա ազատության միջև հավասարակշռությունը» և, մասնավորապես, չվնասել «ռազմական թղթակիցներին», որոնց գործունեությունը կարող էր արգելվել։ Արդյունքում՝ նախաձեռնությունը չի ներկայացվել Պետական Դումայի քննարկմանը։