ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական ճգնաժամը ստիպում է երկրներին նավթի գնագոյացման նոր ուղիներ որոնել. Կատարի ԱԳՆ

Ռուս-ուկրաինական ճգնաժամը ստիպում է երկրներին նավթի գնագոյացման նոր ուղիներ որոնել. Կատարի ԱԳՆ

Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդուլրահման Ալ Թանին հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող հակամարտությունը եւ դրա աշխարհաքաղաքական հետեւանքները մի շարք երկրների դրդում են նավթի գնագոյացման նոր ուղիներ որոնել՝ ոչ դոլարով, հաղորդում է CNBC-ն:

Նման հայտարարությամբ Ալ Թանին հանդես է եկել Wall Street Journal-ի հաղորդումից հետո, որի համաձայն՝ Սաուդյան Արաբիան արագացված բանակցություններ է վարում Չինաստանի հետ նավթի դիմաց դոլարի փոխարեն յուանով վճարումներ ընդունելու մասին:  

Ելույթ ունենալով Դոհայում անցկացվող համաժողովում՝ Ալ Թանին նշել է, որ չի ակնկալում նման համակարգի ներմուծում մոտ ապագայում՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Ուկրաինայում պատերազմի տնտեսական հետեւանքներն ուժեղ հարված են հասցրել մի շարք երկրների:

«Տեսեք, թե ինչ է տեղի ունենում եւ թե ինչ դինամիկա է այժմ տիրում մեր շուրջը: Վստահ եմ, որ կան շատ այլ երկրներ, որոնք դժգոհ են այն ամենից, ինչ տեղի է ունեցել եւ ռուս-ուկրաինական ճգնաժամի հետեւանքներից, հատկապես տնտեսական հետեւանքներից ...

ԵՎ նրանք (նավթի գնագոյացման) զուգահեռ համակարգ են փնտրելու և ուսումնասիրելու ... Այնպես որ, քանի որ մենք անցումային ժամանակաշրջան ենք ապրում, այդ անցումը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կլինի»,- ասել է Կատարի արտաքին գործերի նախարարը:

Անցյալ շաբաթ Համաշխարհային անվտանգության վերլուծությունների ինստիտուտի համատնօրեն Գալ Լյուֆթը CNBC-ին հայտնել էր, որ ԱՄՆ կոշտ տնտեսական պատժամիջոցները կարող են հետ պահել որոշ երկրների դոլարից, որով սովորաբար գնահատվում է նավթը:

Պատժամիջոցները ներառում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների արդյունավետ սառեցումը և Ռուսաստանի անջատումը SWIFT միջբանկային համակարգից:

«Մի կողմից՝ դուք պատժամիջոցներ եք սահմանում աջ ու ձախ: Մյուս կողմից՝ ցանկանում եք, որ երկրները գնեն ձեր պետական պարտատոմսերը եւ ֆինանսավորեն ձեր պարտքը: Դա անկայուն սցենար է»,- ասել է Լյուֆթը:

Ալ Թանին ընդգծել է նաեւ, որ երկիրը «ակտիվացվել է» եւ բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ գազամատակարարումների ծավալների մեծացման վերաբերյալ:

Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ եվրոպական երկրները փորձում են դիվերսիֆիկացնել էներգակիրների, հատկապես գազի մատակարարումները Ռուսաստանից: Էներգետիայի միջազգային գործակալության տվյալներով՝ անցյալ տարի ԵՄ-ն 45 տոկոս գազը ներկրել է Ռուսաստանից:

  • Կիսվել: