հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռումինիայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Ռումինիայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Պատճառը նախօրեին ռուսական ԱԹՍ-ի հարվածն էր բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով կան վիրավորներ։

«Մենք ունենք Ազգային պաշտպանության նախարարությունից հաստատում, որ Գալաթիում բնակելի շենքին բախված անօդաչու թռչող սարքը ռուսական ծագում ունի», - հայտնել է Ցոյուն X-ում։

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը՝ ընդգծելով, որ թույլ չի տա, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմը տեղափոխի իր երկրի քաղաքացիների դեմ։ Նա պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, իսկ ԱԳՆ-ին հանձնարարել է իրավիճակին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը X-ի գրառման մեջ նշել է, որ Մոսկվային չի կարելի թույլ տալ անպատիժ խախտել Եվրոպայի օդային տարածքը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Հունգարիայի վարչապետը, Ուկրաինայի ԱԳ նախարարը, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը ևս դատապարտել են Ռումինիայում ռուսական անօդաչու թռչող սարքի միջադեպը։

Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ հարևան Ուկրաինայի վրա մայիսի 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել ռումինական Գալաթի քաղաքի 10 հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դրա հետևանքով պայթյուն և հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է։

  • Կիսվել: