հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռումինիան փակում է Ռուսաստանի հյուպատոսությունը

Ռումինիան փակում է Ռուսաստանի հյուպատոսությունը

Ռումինիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Կոնստանցում, իսկ գլխավոր հյուպատոսը հայտարարվել է անցանկալի անձ: Այս մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ պատճառը Գալացում բնակելի շենքի տանիքին անօդաչու թռչող սարքի հարվածն է, ինչի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, վիրավորվել է երկու մարդ:

Ըստ ռումինական կողմի՝ անօդաչու սարքը ռուսական է: Ռումինիան միջադեպը որակել է «լուրջ և անպատասխանատու սրացում»։

Իր հերթին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռումինիայի այդ քայլին: Նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս դիվանագետների նկատմամբ խտրականության դրսևորումը կստանա արժանի պատասխան:

Ըստ ռուսական կողմի՝ այդ ամբողջ «աղմուկը» Արևմուտքին պետք է Ստարոբելսկի քոլեջին ուկրաինական անօդաչուի հարվածից ուշադրությունը շեղելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց նոր իրեն զեկուցել են Ռումինիայում ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակի մասին։
 
«Ռումինիայում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի պատկանելության մասին ոչ ոք չի կարող խոսել, քանի դեռ փորձաքննություն չի իրականացվել: Հավանաբար, անօդաչու թռչող սարքը ուկրաինական էր։ ԱԹՍ-ները տարբեր երկրներ են թռել, և առաջին արձագանքը միշտ եղել է՝ «ռուսներն են հարվածում»: Եթե Ռուսաստանին տրամադրվեն Ռումինիայում անօդաչու թռչող սարքի վթարի վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ, Ռուսաստանը կանցկացնի օբյեկտիվ հետաքննություն»,-նշել է Ռուսաստանի նախագահը։
 

  • Կիսվել: