շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՌԴ տարբեր բնակավայրերում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով կան տուժածներ

ՌԴ տարբեր բնակավայրերում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով կան տուժածներ

Սանկտ Պետերբուրգում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ Է տուժել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքի ղեկավար Ալեքսանդր Բեգլովը:

Ավելի վաղ ՌԴ Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել էր, որ մարզի տարածքում ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել։ Նա նշել էր, որ ԱԹՍ–ների բեկորներն ընկել են Լուգայի, Վոլոսովոյի և Լոմոնոսովի շրջաններում։

Իսկ ՌԴ Տվերի մարզի Ռժևի շրջանում շարժվող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։

«Մեր մարզի օդային տարածքում անցած գիշերվա ընթացքում ոչնչացվել է թշնամու 5 անօդաչու թռչող սարք։ Ռժևի շրջանում ընթացող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով ահացել է տղամարդ վարորդը», - գրել է նա «Մաքս» հարթակում։

Նշվում է, որ Նելիդովոյի շրջանում բեկորները մասամբ վնասել են փոստի շենքի և բնակելի երկհարկանի շենքի մի քանի պատուհաններ: Տուժածներ չկան։

Բացի այդ, Ժարկովսկու շրջանում ԱԹՍ-ի բեկորն ընկել է բնակելի շենքի մոտ գտնվող հարթակի վրա։ Բնակիչները չեն տուժել։ Տան վնասված պատուհանները կվերականգնվեն սեղմ ժամկետում։

 

  • Կիսվել: